«Ժամանակ» թերթը գրում է.
«Ամեն ինչ կախված է աշխատանքից, և աշխատանքի պարագայում հնարավոր է լուծել ցանկացած խնդիր: Այս խոսքերը ասել է Սերժ Սարգսյանը, ըստ որում` ասել է Հայաստանում առկա տնտեսական իրավիճակի կոնտեքստում: Այսինքն` սա կարելի է համարել նաև Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանում պաշտոնապես 35 տոկոս աղքատ բնակչությանը:
Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված բնակչության վրա է դնում պատասխանատվությունը՝ վատ եք աշխատում և այդ պատճառով էլ վատ եք ապրում: Որովհետև եթե Սերժ Սարգսյանի խոսքերը վերաբերեին իշխանություններին, կառավարման համակարգին, ապա խոսելու փոխարեն Սերժ Սարգսյանը վաղուց պետք է ցույց տված լիներ իր աշխատանքների, իր թիմի աշխատանքների, իր կուսակիցների աշխատանքների արդյունքը:
Իսկ այդ արդյունքը ընդամենը այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության վեցերորդ տարում տեղի է ունենում քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած, հեղափոխություն, ռեւանշ, և Հայաստանում այդ համակարգը բյուրեղացնում է իր ներկայությունը պետական կառավարման ղեկին` ի դեմս մականունավոր հեղինակությունների վարչապետացման, նախարարացման, ի դեպս քրեական բարքերի և ավանդույթների վերակենդանացման»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: