Շուշիում հուլիսի 7-ից շարունակում է գործել «Հայորդիներ» ամենամյա V համահայկական բանակումը: Այն իրականացվում է «Հայկի Սերունդ» ՀԿ կողմից: Բանակումն ընթանում է փուլ առ փուլ, յուրաքանչյուրի տևողությունը՝ 8 օր, Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից և Ստեփանակերտից 180 սկաուտի (10-20 տարեկան) ընդգրկմամբ: Այս մասին հայտնում է «Հայկի Սերունդ» ՀԿ վարչությունը:

Բանակումի նպատակն է՝ խթանել «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացումն ու տարածումն Արցախում, հաստատել և ամրապնդել համագործակցությունը տարբեր երկրների սկաուտական կազմակերպությունների հետ և Շուշին դարձնել համահայկական երիտասարդական հավաքատեղի: Կարգախոսն է՝ «Միասին՝ հանուն Արցախի»:

Օգոստոսի 8-ից սկսվել է բանակումի վերջին փուլը՝ Հայաստանից (Աղջիկ սկաուտների և գայդերի ՛՛Աստղիկ՛՛ ազգային միություն, ՛՛Հայ Արի՛՛ հայկազունիների սկաուտական միավորում, Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա) և հայկական սփյուռքի առանձին համայնքներից՝ Իրան (ՀՄՄ ՛՛Րաֆֆի՛՛ համալիր), Ուկրաինա (Ուկրաինայի հայերի միություն) ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Բոլոր փուլերի ներառմամբ՝ բանակումին մասնակցում են մոտ 900 պատանիներ և երիտասարդներ:

Բանակումի ընթացքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն : Բանակումի փակումը նախատեսվում է օգոստոսի 18-ին :

Արցախի «Հայորդիներ» սկաուտական շարժումը ստեղծվել է 2010թ. որպես «Հայկի Սերունդ» ՀԿ-ին կից գործող սկաուտական բաժանմունք: Այն առաջնորդվում է գործունեության հատուկ կանոնակարգով, ունի իր կառավարման մարմիններն ու օղակները և նպատակադրված է տարածվել հանրապետության բոլոր շրջաններումª որպես համաարցախյան կազմակերպություն: Նույն թվականից Շուշիում կազմակերպվում են «Հայորդիներ» սկաուտական համահայկական բանակումները: Տարվա ընթացքում Ստեփանակերտում, Շուշիում պարբերաբար իրականացվում են սկաուտական մասնագիտական դասընթացներ տարբեր տարիքի, պատանիների և երիտասարդների համար: Շարժումը համագործակցում է Հայաստանում և Իրանում գործող կազմակերպությունների սկաուտական ստորաբաժանումների հետ :