Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում այս օրերին ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումները մոտենում են ավարտին: Մասնակից պետությունների` Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերի շարքում ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմերը շարունակում են բարձր ցուցանիշներ արձանագրել` ևս մեկ անգամ անգամ ապացուցելով հայկական զինված ուժերի մարտական և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին,- փոխանցում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում ներառված են ամենատարբեր բարդ ու անկանխատեսելի փորձություններ` ցամաքային և ջրային արգելքների հաղթահարում, հրաձգություն շարժման ընթացքում և կանգնած դիրքից, հետապնդում, էստաֆետ, առանձին մարզական փուլ և այլն: Մրցաշարի` առաջին օրերին անցկացված անհատական մրցումներից հետո նախորդ մի քանի օրերին 12 երկրների տանկիստների միջև թեժ պայքար է ընթացել նաև սպրինտում ու հետապնդման մրցույթում:
Առաջին օրերի արդյունքներով արդեն ձևավորվել է առաջատարների խումբը, սակայն մրցումների հաղթողին որոշելը դեռ վաղ է: Ընդհանուր թիմային հաշվարկում, որը ձևավորվում է տվյալ երկրի երեք անձնակազմերի՝ բոլոր մրցույթներում վաստակած միավորների հանրագումարով, Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Ղազախստանը, երրորդում՝ Չինաստանը: Իհարկե, այս արդյունքները վերջնական չեն, ամեն ինչ դեռ կարող է փոխվել:
Մեկ հետաքրքիր փաստ ևս. տանկային բիաթլոնում առավել բարձր և կայուն ցուցանիշներ են գրանցում նախկին խորհրդային պետություններից ժամանած մասնակիցները՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի թիմերը, ինչը, թերևս, կարելի է բացատրել ուսումնական ծրագրերի և օգտագործվող տեխնիկայի նմանությամբ: Առաջին հնգյակին հետևում են համապատասխանաբար Հնդկաստանը, Ղրղզստանը, Վենեսուելան, Մոնղոլիան ու Անգոլան: Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Քուվեյթի տանկիստները: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հայկական զինված ուժերը ներկայացում են երկու սպա և պարտադիր ժամկետային զինծառայողներ` այն դեպքում, երբ մասնակից մյուս պետությունների թիմերում գերակշռում են պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև բիաթլոնի նախորդ մրցույթներին մասնակցած անձնակազմերը:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների շրջանակում դեռևս առջևում են անձնակազմերի սպորտային վարժություններն ու 4 լավագույն տանկային անձնակազմերի միջև պաքարը։ Մասնակից պետությունները շարունակում են հանդես գալ ուժերի առավելագույն լարումով, անել առավելագույնը հաղթանակի հասնելու համար:
Անհատական, հետապնդման, էստաֆետի մրցափուլերում բոլոր մասնակիցները ձգտելու են բարելավել իրենց ցուցանիշները՝ նպաստելով թիմային ընդհանուր հաղթանակին: Անձնակազմերն անցնելու են արագընթաց ճանապարհներով, ծանծաղուտներով, հաղթահարելու են հակատանկային խրամներ և այլ խոչընդոտներ՝ փորձելով խուսափել տուգանային վայրկյաններից: Տարբեր հեռավորություններից կրակելու են «տանկ», «ուղղաթիռ», «նռնականետային հաշվարկ» թիրախների վրա: Մրցումների վերջին օրը էստաֆետի մրցուղի դուրս կգան չորս լավագույն տանկային անձնակազմերը:
Ինչ խոսք, միջազգային այս մրցույթը առաջնահերթ դիտարկվում է որպես մարտական պատրաստության միջոցառում, որի նպատակն է բարձրացնել անձնակազմերի մասնագիտական պատրաստվածությունը, բացահայտել ռազմական տեխնիկայի և սպառազինության իրական ու ամբողջական հնարավորությունները, նպաստելով զրահատանկային զորքերի զարգացմանը: Բացի այդ, լայն հնարավորություններ են ստեղծվում նաև զինծառայողների մարտական պատրաստականության կատարելագործման համար:
«Տանկային բիաթլոն-2014»-ը կեզրափակվի օգոստոսի 16-ին: