Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական հերթական նիստը:
Նիստի ժամանակ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումը հրահրել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը։
«Ես երթի ժամանակ վերցրել եմ բահը, փայտը և ինքնաշեն հրատեխնիկական միջոց։ Երթի սկզբում տեսա, որ շատ մարդիկ են արդեն փողոցում։ Երբ որ Շանթը մոտեցավ մայթին, ոստիկաններն առանց խոսքի ճանապարհ տվեցին, առանց բառ ասելու, ցանկացած տրամաբանող մարդու համար հասկանալի է, որ նրանք թույլ էին տալիս մայթ դուրս գալ։ Հետո երբ Շանթը դուրս եկավ, իրեն մոտեցավ Գեղամ Խաչատրյանը և քաշեց Շանթի ձեռքից, նա սարքեց այդ բախումը, դրանից սկսեց այդ ամենը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։
Ամբաստանյալն իր խոսքում նշեց, որ չի խուսափում պատասպանատվությունից, քանի որ այդ օրը ոչ ոքի չի հրել անգամ և ֆիզիկակն ցավ չի պատճառել: Նա իրեն անմեղ հայտարարեց՝ ընդգծելով, որ իրենք խուլիգաններ չեն և պաշտպանել են իրենց սահմանադրական իրավունքը։
Արմեն Հովհաննիսյանը նաև հիշեց, որ մինչև նոյեմբերի 5-ը, երբ Շանթը գիշերում էր Ազատության հրապարակում, իրենց մոտեցել են քաղաքացիներ, որոնք նրանց սադրել են եւ փորձել են շեղել ճիշտ ուղուց. «Մարդիկ էին գալիս, որոնք հորդորում էին բախումներ ստեղծել իշխանության հետ, ջարդել, ծեծել ոստիկաններին, ասում էինք, որ մեր պահանջը քաղաքական է, և մենք բախում չենք ուզում։ Ու խոսակցության մեջ ասացի, որ նրանց դեմքը ինձ ծանոթ ա և նրանց տեսել եմ հատուկ ծառայության մեջ, դրանից հետո փախան»։
Արմեն Հովհաննիսյանի ցուցմունքին հաջորդեց Հայկ Հարությունյանի ցուցմունքը, որի ժամանակ վերջինսնկատեց, որ «Նեմգուտալ» դեղամիջոցը, որը ոստիկանները խուզարկությունից հետո հայտնաբերել էին իր տանը, ձեռք է բերել 1993թ.-ին՝ շանը բուժելու ժամանակ։
«Դա նախատեսված է եղել կենդանիների բուժման համար, դա պետք էր 5 կիլոգրամանոց կենդանուն անշարժացնելու համար։ Ես մանագիտությամբ կենսաբան եմ, ծանոթ եմ նյութերին։ Գնացի «Վերնիսաժի» շուկա, հարցրեցի էդ դեղի համար, մի բժիշկ էր՝ Անդրեյ անունով, եկավ մեր տուն, դրեց, մաքրեց ականջը, հետո էլ թողեց մի քիչ, ասաց՝ մի անգամ օգտագործելու նյութ կա, կարող ա պետք լինի թող մնա։ Էդ 1993-1994 թվականներին էր: Անդրեյը բոյով, ռուսի նման սլավոնական արտաքինով տղա էր»,- պատմեց Հայկ Հարությունյանը։
Ամբաստանյալը հայտնեց նաև, որ տեսել է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձել ամբաստանյալ Վահե Մկրտչյանին խեղդել. «Վահիկին նստացրել էին նստարանի վրա, թիկունքին կանգնած էին «հրեշտակ»-ները, մի հոգի էլ կողքը նստած, քաղաքացիական հուգուստով խեղդում են Վահիկին։ Ասում եմ՝ ո՞վ ես ներկայացիր, ինքը լռում էր, բան չէր ասում, ոչ մեկը չէր պատասխանում, հետո ինձ էլ տարան «զաբոր»-ների մոտ»՝ եզրափակելով, որ դեպքից հետո հանձնել է անալիզներ և արյան մեջ ոչինչ չեն հայտնաբերել, թմրանյութ նա չի օգտագործել։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: