Դեռևս աշնանը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ բերման ենթարկված ազատամարտիկ Վարդան Վարդանյանին ծեծի է ենթարկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին օգոստոսի 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալը:
Ազատամարտիկը մասնավորապես ասում է. «5 հոգով ինձ բռնել են, ու ծեծել են: Վովա Գասպարյանը ծեծել է իր քննիչների և բաշիբոզուկների հետ: Դուրսն էի, թող գար, այդ ժամանակ ինձ ծեծեր: Ոչ թե ծեծելուց եմ վիրավորված, այլ որ ֆորմայիս վրայից մեդալս գողացել են: Ծեծում ա, լավ ա անում, բայց որ մեդալները տարան, դա ամենավերջին հայը կաներ: Ես ամեն մի մեդալի համար սահմանին մի լիտր արյուն եմ թողել...Ես ճիշտ ա՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց, բայց կանգնել, ասում էին՝ քո տղան զինվորական ա, հեսա թիկունքից կխփենք: Ինչ թուղթ էլ տային, կստորագրեի, բա ի՞նչ պիտի անեի»:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական հերթական նիստը:
Նիստի ժամանակ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումը հրահրել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը։