ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Հարրի Ռոբինսոնը Վիեննայում օգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստի ժամանակ իր խոսքում իր երկրի կառավարության կողմից ողջունել է, Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Մենք ողջունում ենք Սոչիում նախորդ շաբաթվա հանդիպումը, հակամարտության խաղաղ կարգավորմանը երկու նախագահների հակվածությունը եւ մոտ ապագայում երկխոսությունը շարունակելը: Մենք կողմերին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել կառուցվածքային բանակցություններ սկսելու համար, ինչպես որ առաջարկել էր Շվեյցարիայի նախագահությունը եւ կենտրոնանալ այն առավելությունների վրա, որը կտա խաղաղությունը տարածաշրջանին բոլոր մարդկանց»,- ասված է ամերիկյան ներկայացուցչի խոսքում:
Դիվանագետը խստորեն դատապարտել է շփման գծին հուլիսի 31-ից սկսված բռնության դեպքերը, որոնց հետևանքը մեծ թվով զոհերն էին՝ իրց ցավակցությունը հայտնելով զոհերի և վիրավորների ընտանիքներին: Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը և հրադադարի պահպանման ռեժիմին վերադառնալու քայլեր ձեռնարկել:
«Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Հատուցումը, հարձակումը եւ հետագա բռնությունը, ինչպես նաեւ սադրիչ հայտարարությունները միայն կբարդացնեն խաղաղ կարգավորումը: Ուստի մենք կողմերի առաջնորդներին կոչ ենք անում խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել»,- ասել է Ռոբինսոնը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունները՝ արված վերջին տարիներին, հասկացնել տվեցին, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: