«Հրապարակ» թերթը գրում է.
«Արևմուտք-Ռուսաստան փոխադարձ տնտեսական պատժամիջոցներից Հայաստանը փորձում է օգուտով դուրս գալ: Հովիկ Աբրահամյանը ձեռք ու ոտք է ընկել, հանձնարարել է գյուղնախարարությանը՝ աշխատանքային խումբ ստեղծել: «Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ: Ռուսաստա՞նն է առաջարկել նման համակարգված ձևով ընդլայնել արտահանման ծավալները, թե՞ իրենք են նախաձեռնել, և այս գործում ո՞րն է հանձնաժողովի դերակատարումը:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ հիմնական խնդիրը արտահանման գործընթացները համակարգված իրականացնելն է, և արտահանողները, խնդիրներ ունենալու դեպքում, զանգահարեն իրենց՝ լուծումներ ստանալու համար: Երեկ էլ վարչապետի մոտ է խորհրդակցություն եղել՝ վերամշակողների ու արտահանողների մասնակցությամբ: ՀՀ-ում ռուսական առևտրացանցերի ներկայացուցիչները Հայաստանում բանակցություններ են վարում արտահանումը խթանելու ուղղությամբ:
«Ռուսաստանի առևտրացանցերի ներկայացուցիչները եկել են՝ կոնկրետ կազմակերպությունների հետ բանակցություն են վարում ապրանքների մատակարարման առումով»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ հանձնաժողովը խոչընդոտների հաղթահարման համար է ստեղծվել, հատկապես տեխնիկական մասով:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: