Իրականությունն ամբողջ աշխարհին «ավելի ճոխ» ներկայացնելու համար հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները պատրաստելու համար Հայաստանի կառավարությունը ֆինանսական ռեսուրս չի խնայի: Այս մասին Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ բազեականների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողով կա, բազմաթիվ քայլեր կան, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք կառավարության վրա մոտ 6 միլիարդ դրամից ավելի են նստելու: Փորձելու ենք ներգրավել բարեգործական ծրագրեր, որպեսզի ամբողջը չմնա մեր պետական բյուջեի վրա»,-ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միջազգային շատ ու շատ կառույցներ, օտարերկրացի պատգամավորներ չգիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է փորձի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լավագույնը ներկայացնել:
«Դա պետք է մեզ համար նաև փորձություն լինի, մարդիկ պետք է իրոք ականատես լինեն այն պատմությանը, որ եղել է 100 տարի առաջ: Բազմաթիվ միջազգային կառույցներ իրական պատկերին ծանոթ չեն, ինչպես նաև մեր Արցախ-Ադրբեջան հակամարտության մասով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ավելի շատ հյուրեր գան Հայաստան, իրականությանը քաջատեղյակ լինեն։ Ռեսուրս չենք խնայելու, որպեսզի ավելի ճոխ ներկայացնենք իրականությունը ամբողջ աշխարհին»,- հավելեց վարչապետը: