ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և «Երկրապահ կամավորական միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր` օգոստոսի 19-ին, ԱԻ նախարարությունում ստորագրեցին համագործակցության հուշագիր։ ԱԻ նախարարը գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին պարգևատրեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով, Մանվել Գրիգորյանն էլ փոխադարձաբար ԱԻ նախարար Արմեն Երիցյանին պարգևատրեց «Փառքի Խաչ» Նոյ մեդալով։
«ՀՀ ԱԻՆ-ն ամենաերիտասարդ նախարարություններից մեկն է: Այստեղ տարբեր գերատեսչություններ միացել են մեկ նախարարության դրոշի տակ, և մենք գնում ենք առաջ»,- ասաց նախարար Արմեն Երիցյանը ԵԿՄ-ի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից առաջ և Մանվել Գրիգորյանին ներկայացրեց նախարարության ձեռքբերումները:
Մանվել Գրիգորյանը նշեց, որ զարգացած ԱԻ նախարարության կարիքը մեր երկիրը շատ ունի. «Հայաստանը 1988թ. երկրաշարժի ժամանակ զգացել է այս կառույցի անհրաժեշտությունը, և պետության կազմավորման հետ միասին կառույցը զարգացել է: Այն կայացած է պաշտպանության նախարարության նման։ Ինչպես սահմանում ենք միասին եղել, այնպես էլ երկիրն աղետներից փրկելու համար պետք է միասին լինենք: Ես հպարտ եմ ձեզանով, պարո՛ն նախարար»:
Հուշագրի ստորագրումից հետո Արմեն Երիցյանը Մանվել Գրիգորյանին ներկայացրեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեսազանգի միջոցով կապ հաստատեցին Հայաստանի մարզերում գտնվող ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավարների հետ, որոնք էլ իրենց հերթին զեկուցեցին նախորդ շաբաթվա գրանցված դեպքերը:
Արմեն Երիցյանը հավելեց, որ այս հուշագրի համաձայն՝ երկրապահներն իրենց ստորաբաժանումով աջակցելու են ԱԻՆ-ին. «Ես գտնում եմ, որ մեր երկրապահ տղաները, աղջիկները աջակցելու են ԱԻՆ-ին, մենք պետք է կարողանանք այդ ուժը օգտագործել, որ նրանք կարողանան մեր ժողովրդին փրկեն և սահմանում քաղաքացիական պաշտպանության աշխատանքներն ակտիվացնեն»։
Տեսանյութը՝ news.am-ի