Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան Օլիմպիադան:
Հայաստանի օլիմպիական հավաքականն առաջին մեդալն է նվաճել: Հրաձգությունում արծաթե մեդալի է արժանացել Հրաչիկ Բաբայանը, ով 10մ օդամղիչ հրացանի մրցումներում հավաքել է 204 միավոր և գրավել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն չինացի Հանորան Յանգին (209 միավոր):
Լողում այսօր կայացան բատերֆլայի 50մ տարածության մրցումները: Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մխիթարյանը ցույց տվեց 26.40 վայրկյան արդյունք, ինչը չէր բավարարում կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու համար:
Պատանի հայ լողորդն ասպարեզ է դուրս գալու նաև վաղը՝ օգոստոսի 21-ին: Նա հանդես կգա 100մ ազատ ոճում:
Հիշեցնենք, որ Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսի 16-ին մեկնարկած ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի 9 մարզաձևերում մասնակցում են Հայաստանի 14 պատանի մարզիկներ: