Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին` ճանապարհին կից ժայռից, տեղացած հորդառատ անձրևի և քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում (8-10 մ երկարությամբ): Դրա հետևանքով 8 մ լայնությամբ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար դարձել է անանցանելի, իսկ մարդատար մեքենաների համար` դժվարանցանելի։
Ժամը 22.50-ին «Լոռի ՃՇՇ»-ի կողմից ճանապարհը մաքրվել է, երթևեկությունը` վերականգնվել։ Սակայն նշված տեղում դեռևս կան քարեր, որոնք տեղումների կամ ցնցումների դեպքում կարող են թափվել։
Նույն ժամանակահատվածում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին` Վահագնի գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում, Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի տակով անցնող ջրահեռացման խողովակաշարի խցանման պատճառով սելավաջրերը հոսել են ճանապարհի վրայով, քանդելով ճանապարի երթևեկելի մասի կեսը (25 մ երկարությամբ)։
Ժամը 00.00-ին վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի վտանգավոր հատվածներում տեղադրվել են նախազգուշացնող նշաններ և Ճանապարհային ոստիկանությունից մնացել է վերակարգ։
Այսօր առավոտյան վթարավերականգնողական և թուլացած քարերի հեռացման աշխատանքները վերսկսվել են։ Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ և ճանապարային ոստիկանության աշխատակիցները։