Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշեց, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:

«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», - եզրափակեց իր խոսքը ՀՀ դեսպանը: