Հատուկ ծառայությունները հաստատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին դաժանաբար սպանողի ինքնությունը: Մարդասպանը խոսել է Լոնդոնի բնակիչներին հատուկ խոսվածքով՝ քոքնիով: Այս մասին գրում է բրիտանական Sun թերթը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանի մասին հոդվածում:

Պարբերականի տեղեկություններով՝ «խոսքը իսլամ ընդունած երիտասարդ բրիտանացու մասին է, ով ծայրահեղական իսլամիստների խմբի հետ Թոուեր Հեմլեթ լոնդոնյան թաղամասից որոշ ժամանակ առաջ ուղևորվել էր Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Սիրիայում, Իրաքում և Լիբանանում իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կազմում գտնվող Մեծ Բրիտանիայի 500 քաղաքացիներից կեսը «Լոնդոնի նախկին բնակիչներ են», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

BBC-ի ռադիոկայանը նշել է, որ «Իսլամական պետություն» շարժման զինյալների մի խումբ «մասնագիտանում է արևմտյան պատանդներ գտնելու մեջ»: BBC-ի տվյալներով՝ այժմ «զինյալների կողմից գերևարվածների թիվը անցնում է երկու տասնյակից»:

Որոշ տվյալների համաձայն, վերջին ամիսներին Արևմուտքի մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից այդ պատանդներին ազատ արձակելու բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Նրանց մի մասը, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացին, ազատ էր արձակվել փրկագնի դիմաց: «Ջեյմս Ֆոուլիի համար, ում եղբայրը ծառայում է ԱՄՆ-ի զինված ուժերում, Իսլամական պետության զինյալները 132 մլն դոլար փրկագին են պահանջել», - նշում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին առևանգվել է դեռևս 2012թ-ին և գլխատվել սույն թ-ի օգոստոսի 19-ին: