Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանի ընտանիքի նկատմամբ սպառնալիքներն ու բռնությունններն ավելացել են  դատական նախորդ նիստին ամբաստանյալի արած այն հայտարարությունից հետո, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եղել է բերման ենթարկվելուց հետո ոստիկանական բաժանմունքում իրեն ծեծողների թվում։ Այս մասին Վարդան Վարդանյանը հայտարարեց այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական հերթական նիստի ժամանակ։

«Իմ անցած հայտարարությունից հետո իմ ու իմ ընտանիքի նկատմամբ բռնությունները խստացել են: Շարունակում են մեզ սպառնալ, բռնություն գործադրել»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական հերթական նիստը, որի ժամանակ ամբաստանյալը հայտնել է, որ աշնանը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ իրեն ծեծի է ենթարկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: