Վրաստանի նախագահ Միախաիլ Սաակաշվիլին զարմացած է վրացական բանտերից ռուս գործակալների ազատ արձակման վերաբերյալ Հայոց թեմի «քաղաքականացված» հայտարարությունից: Գրում է Грузиа Онлайн-ը:

«Առաջին հերթին ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր խորին հարգանքը հայտնել համաքաղաքացի էթնիկ հայերին և Վրաստանում հայկական թեմին: Այս երկրի բոլոր քաղաքացիները, անկախ էթնիկ ծագումից և հավատքից, հավասար են և նույն ձևով համարվում են նրա տերերը»,- ասված է երկրի նախագահի տարածած հաղորդագրության մեջ:

Վրացական հասարակությանը հայտնի է, որ երկրում եղել են և կան քաղաքական և հասարակական խմբեր, որոնք իրենց քաղաքական հեռանկարը կառուցում են տարբեր ֆոբիաների, այդ թվում նաև հայաֆոբիայի վրա: Վրաստանի նախագահը բազմիցս նշել է, որ նման մոտեցումը անընդունելի է:

Այս ֆոնի վրա զարմանք է առաջացնում Հայոց թեմի հայտարարությունը, որը Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանի ազատ արձագման մասին էր: Նախագահն իր հայտարարության մեջ նշել է, որ Չախալյանի էթնիկ ծագումը որևէ կապ չունի: Խոսքը Վրաստանի քաղաքացու` հանցավոր գործողություններ կատարելու մասին է:

Միխաիլ Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ հայտնել է իր բացասական վերաբերմունքը համաներման, հատկապես` ռուս գործակալներին ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայոց թեմը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր անում նախագահին և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը զերծ մնալ Վահագն Չախալյանի մասին սադրիչ հայտարարություններից: