Ադրբեջանը չի ճանաչել Աբխազիայում նախօրեին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որում, նախնական տեղեկությունների համաձայն, հաղթող է ճանաչվել ընդդիմության թեկնածուն:

Չճանաչված Աբխազիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 24-ին անցկացված արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:
Haqqin.az-ը հայտնում է, որ այդ կերպ Ադրբեջանը սատարել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ընտրությունների օրը դրանց հակաօրինականության, անընդունելիության մասին էին հայտարարել նաև Վրաստանը և ԵՄ-ն:

Արևմուտքը չի ընդունում այն սահմանադրական և օրենսդրական շրջանակները, որոնցում անց են կացվել Աբխազիայի նախագահի ընտրությունները:

Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում։ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26 օգոստոս 2008), Նիկարագուան (5 սեպտեմբեր 2008), Վենեսուելան (10 սեպտեմբեր 2009), Նաուրուն (15 դեկտեմբեր 2009) և Վանուատուն (23 մայիս 2011), ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան, չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։ Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մաս։