Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` «Ճապոնիայում ջրամբարների պատվարների սեյսմիկ վերլուծության մեթոդներն ու չափանիշները» թեմայով:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ՀՀ կառավարության խնդրանքով հետազոտություն է իրականացնում Հայաստանում գյուղատնտեսական և ոռոգման ոլորտների վերաբերյալ` աջակցելու Եղվարդի ջրամբարի կասեցված նախագծին: Այդ հետազոտությունների շրջանակներում ճապոնացի փորձագետները քննարկումներ են ունեցել նաև ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության մասնագետների հետ: Հանդիպումների ընթացքում ՍՊԾ գործակալության կողմից առաջարկություն է եղել փորձի փոխանակման համար կազմակերպել սեմինար` պատվարների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն ՍՊԾ համակարգի, այլև` ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի և ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներ:
Ճապոնական գործակալության խորհրդատվական խմբի փորձագետ Թորու Նակագավան իր զեկույցում ներկայացրեց հնարավոր երկրաշարժի դեպքում պատվարների անվտանգության սեյսմիկ վերլուծության մեթոդները, փլուզման ու ջրածածկման համակարգչային մոդելավորումը:
Զեկույցից հետո ծավալվեց աշխույժ քննարկում և հայ մասնագետներին հետաքրքրող բոլոր հարցերին ճապոնացի փորձագետը տվեց սպառիչ պատասխաններ: