«Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը շարունակում են առաջ գնալ և՛ Իրաքում և՛ Սիրիայում։ Մահմեդական ծայրահեղական այս խմբավորման ամենավերջին հաջողություններից մեկը հյուսիսային Սիրիայում օդային կարևոր մի հենակետի գրավումն էր հաղորդում է Ամերիկայի Ձայնը։
Այս խմբավորման դիրքերի առաջընթացի պատճառով ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք ղեկավար անձինք հորդորում են վարչակազմին ընդլայնել «Իսլամական պետության» դիրքերի դեմ օդային գրոհները՝ հայտարարելով, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատման փաստն արդեն պիտի շրջադարձային լիներ այս խմբավորման կողմից սպառնալիքը գնահատելու հարցում։