«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրաշալի քառյակում նոր խմորումներ են, արդեն իսկ հետին պլան են մղվել 12 կետանոց պահանջագրին հետամուտ լինելու քայլերը, և քառյակի որոշ ուժեր օրախնդիր են համարում իշխանությունների նախագծած սահմանադրական բարեփոխումների տապալման հարցը: Այս մոտեցումը պաշտպանում են ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Նրանք հայտարարում են, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ դա արվում է իշխանության վերարտադրությունն ապահովելու համար:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը դեռ չի հրապարակվել, ամենայն հավանականությամբ՝ կլինի հոկտեմբերին, այնուամենայնիվ, նախնական հայեցակարգում առաջարկվող կառավարման մոդելների թվում խորհրդարանական համակարգն է, որի դեմ է եռյակը: Առաջարկվում է նաև կիսանախագահական տարբերակը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» դեռ անցած տարի՝ 2013 թ., ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էին առաջարկում մտցնել մի նախագիծ՝ պահանջելով 2 տարվա ընթացքում փոխել երկրում կառավարման համակարգը և հանրաքվեի դնել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը: Այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցնում էր, որ դա իրենց կուսակցության «ծրագրային հիմնադրույթներից» է: Ավելին՝ անցումը խորհրդարանական կառավարման համակարգի եղել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի պահանջներից մեկը, որը հստակեցվել է կուսակցության խորհրդի նիստում: Որոշ ժամանակ առաջ ԲՀԿ-ն էլ իր հերթին շահագրգիռ ուժերի հետ խորհրդակցություններ անցկացրեց: Մինչդեռ այժմ ԲՀԿ-ականներն իրենց բոլոր հարցազրույցներում, անկախ թեմատիկայից, խոսքը բերում-հասցնում են այս թեմային և իշխանություններին սպառնում բողոքի ակցիաներով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: