ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ս.թ. մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի փաստաթղթում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով հայտնել է կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարությունը ապահովելու է 20 տոկոս համաֆինանսավորում` հարկերի մասով: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում:

Նիստում ընդունված որոշումներից երկուսն ուղղված են «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կիրարկման ապահովմանը:
Եվս երկու որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ծրագրերից երկուսի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվները: Առաջինը գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրելիք 200 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագիրն է, մյուսը` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և ՄաստերՔարդ հիմնադրամի տեխնիկական օժանդակությունը, որով իրականացվելու է «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը: Այն կյանքի է կոչվելու 15-29 տարեկան երիտասարդների շրջանում և հնարավորություն է տալու ստեղծել ՀՀ աշխատանքի շուկան բնութագրող տվյալների շտեմարան:

Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին, որը կնպաստի բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի Ստամբուլ հյուրախաղերի մեկնելու ավիատոմսերի ծախսը «Չեքիջյան» բարեգործական հիմնադրամին փոխանցելու համար կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 8 մլն դրամ:

«Վարդապետի լռությունը» պայմանական անվանմամբ և «Քարվաճառ» լիամետրաժ խաղարկային կինոնկարների ստեղծման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 110 մլն դրամ: