Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարտվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, և այն ևս շահագործման է հանձնված:
Կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման տարեկան ծրագրով աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ մեծ մասում դրանք ավարտվել են: Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ դրանք թեև ուշացումով են մեկնարկել, սակայն վերջին օրերին լայն թափով ընթացքի մեջ են, ու հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված՝ զեկուցվել է, որ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղևորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը, հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել:
«Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միևնույն խնդրին: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջև պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաև քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: