Դեռևս 2012թ. նոյեմբերի 5-ին Ռ. Քոչարյանը թերթի թղթակցին պատմել էր, որ իր որդին` զորակոչիկ Արթուր Քոչարյանը, նույն թվականի սեպտեմբերին զորամասում հիվանդացել էր դեղնախտով, այնուհետև` ջրծաղիկով:
Նրան Հայաստանում ապրելու հույս չէին տվել, և հարազատները մահամերձ զինվորին տեղափոխել էին Մոսկվա` հույս ունենալով, որ այնտեղ հնարավոր կլինի նրա կյանքը փրկել: Սակայն 20-ամյա Ա. Քոչարյանը որոշ ժամանակ անց հիվանդանոցում մահացել էր:
Իսկ մինչ այդ, ինչպես ներկայացնում է թերթը, զորամասում հետևողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրված զինվորին տեղափոխել էին արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չէին տվել` խորհուրդ տալով զինվորին շտապ տեղափոխել Մոսկվա:
Բուժման համար անհրաժեշտ է եղել 67 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը զինվորի ծնողներին ասել էին, որ ՊՆ-ն չի կարող ֆինանսավորել բուժումը: Սակայն հետագայում խոստացել էին, որ որոշ ժամանակ հետո պահանջվող գումարը կփոխանցվի:
«Մինչև այսօր պաշտպանության նախարարությունը նրանց գլխի տակ փափուկ բարձ է դնում` պարբերաբար խոստանալով վճարել այն գումարը, որը պահանջվել է Մոսկվայում վճարել զինվորի կյանքը փրկելու համար: Սակայն մինչ օրս զինվորի ընտանիքին որևէ գումար չի փոխանցվել»,- հավելում է թերթը:
Թերթի թղթակիցը զրուցել է զինվորի ծնողների հետ` պարզելու համար` արդյոք հայտնի է, թե որն է եղել տղայի մահվան պատճառը:
Այժմ զինվորի հայրը` Ռ. Քոչարյանը, մեկնել է Մոսկվա` որդու մահվան եզրակացությունը ստանալու համար: Գրում է` Ժողովուրդը:


