«Առավոտ» թերթը գրում է.
«Այս տարվա հունիսի 5-ին Արամուս գյուղի բնակիչ Արաքսյա Սարգսյանի տան բակում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձինք հրկիզել են:
«Այդ ամիսների ընթացքում ընտանիքս ահ ու սարսափի մեջ էր ապրում՝ մտածելով, որ ազատության մեջ գտնվող հանցագործը մի վնաս կհասցնի: Եվ չսխալվեցինք»,- ասում է տիկին Արաքսյան: Ավտոմեքենայի հրկիզումից չանցած երկու ամիս՝ օգոստոսի 3-ին, Սարգսյանների ընտանիքը հայտնաբերում է, որ Արամուսի սեփականաշնորհված հողատարածքներում, որտեղ գտնվում են նաև նրա և ամուսնու եղբորը պատկանող հողամասերը, ամբողջությամբ սրսկված են խոտի թույնով: Ընդհանուր առմամբ 3000 մետր տարածքում ցանված գազարի արտը մեկ գիշերում անհայտ անձը ոչնչացրել է. «Հանցագործները գիշերով էին գազարի դաշտը թունավորել, երբ առավոտյան գնացինք, գազարի վերևի կանաչ հատվածը «պառկել» էր, հավասարվել հողին:
Այդ հողամասից տարեկան ստացել ենք յուրաքանչյուրս մոտ 12 տոննա բերք: Ստացվում է, որ մեր ընտանիքներից յուրաբանչյուրը հանցագործության պատճառով տուժեց 2 միլիոն դրամ: Փաստորեն մեր ընտանիքները կորցրին այս տարվա իրենց ապրուստի միջոցը, միակ եկամուտը: Ընտանիքս հիմա գտնվում է անելանելի վիճակում, չունի ապրուստի միջոց, ինչպե՜ս կարող ենք ապրել մի ողջ տարի»,- պատմում է Ա. Սարգսյանը:
Նշենք, որ Ա. Սարգսյանը երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների խնամակալ է: Նրանց հայրը՝ Յաշա Միրզոյանը, զոհվել է արցախյան պատերազմում: Մայրն էլ Ղարաբաղից գաղթի ճանապարհին ընկել է շրջափակման ճեջ և սպանվել: Երեխաներից մեկն էլ հաշմանդամ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: