Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հետևելով ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել Մարտակերտի շրջանում սահմանը հատած ռազմագերուն:

Այս մասին տեղեկատվություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը, որում մասնավորապես ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մամեդովը՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ժամը 18.10 սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: