Այս պահին Սահմանադրական դատարանում հայտարարվել է ընդմիջում՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի մոտ մեկ տասնյակ միջնորդությունները քննարկելու նպատակով:
Մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը միջնորդել է կասեցնել ՍԴ-ում ընթացող այս գործի քննությունը մինչև իրենց կողմից ՍԴ ներկայացված երկրորդ դիմումի հիման վրա գործը վարույթ ընդունելն ու քննության առնելը: Երկրորդ դիմումով վիճարկվում է ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Ընտրական օրենսգրքի հիշյալ հոդվածները վերաբերում են ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները քարոզչական տպագիր նյութ չհամարվելուն և ըստ այդմ դրանց ծախսերը նախընտրական քարոզչության հիմնադրամների միջոցներում չներառելուն:
Հիշեցնենք, որ այս կապակցությամբ դիմող կողմն ավելի վաղ դիմել է նաև վարչական դատարան, որտեղ հայցը մերժվել է:
Ր. Հովհաննիսյանի ՍԴ-ի ներկայացուցիչները մի շարք այլ միջնորդություններ ներկայացրեցին Սահմանադրական դատարանին, մասնավորապես Զարուհի Փոստանջյանը պահանջեց ՍԴ բերել բոլոր 1988 տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը և բացել դրանք: Նա բացի այդ միջնորդեց Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել վերջին 5 տարում ՀՀ սահմանը հատողների տվյալները, որպեսզի դրանք համադրեն հատկապես այն տեղամասերի ընտրությանը մասնակցած անձանց տվյալների հետ, որտեղ գրանցվել է 60 տոկոսից բարձր մասնակցություն: Նմանատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաև երկրորդ դիմողը՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով պահանջեց բացել այն 576 ընտրատեղամասերի պարկերը, որտեղ իր կողմից արձանագրվել էր աննախադեպ բարձր մասնակցություն: Միջնորդությունների թվում էր նաև Սերժ Սարգսյանին որպես վկա ՍԴ հրավիրելը և նրանից Սերժ Թանգյանին ուղղված պատասխան նամակում արված մի շարք արտահայտությունների կապակցությամբ պարզաբանումներ տալը,-գրում է Փաստինֆոն:
Թե՛ պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և թե՛ դատավարության որպես երրորդ անձ ներգրավված Ս. Սարգսյանի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին այդ միջնորդություններին և խնդրեցին ՍԴ-ին մերժել դրանք: