Սեպտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է դրել համալսարանի բակում տեղադրված զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Տնտեսագիտական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ համալսարանում բացվել է ԲՈւՀ-ի ուսանող-զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված լսարանը, որի բացման պատիվը վերապահվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև զոհվածների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: Լսարանը նվիրված է ՀՊՏՀ այն քաջորդիներին, ովքեր Արցախյան ազատամարտի տարիներին կիսատ թողեցին ուսումը և մեկնեցին ռազմաճակատ` սեփական կյանքի գնով պաշտպանելով հայրենիքի սահմանները: 13 զինվորների կենսագրություն, իրեր ու մեդալներ մեկ սենյակում են: Նորաբաց լսարանին կից կգործի նաև թանգարան:

Լսարանի բացումից հետո Տնտեսագիտական համալսարանում կայացավ «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը` նվիրված հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն: Արձագանքելով «1 հայ` 1 հոդված» կոչին՝ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ համալրել են հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող 100-ից ավելի հոդվածներով:

Ողջունելով Տնտեսագիտական համալսարանի ուսանողների կողմից անցկացվող հայրենասիրական միջոցառումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ հպարտությամբ է ներկայացնում մի կառույց, որն անցել է հաղթական փառավոր ուղի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ թե նոր լսարանի բացումը և թե «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի մեկնարկը խթան կհանդիսանան երիտասարդության շրջանում հայրենասիական դաստիարակության և բանակ-բուհ կապի առավել ամրապնդման համար:

Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հուզող հարցերը ուղղելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Միջոցառման ավարտին էլ տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և ուսանողների հայրենասիրական դաստիարակության գործում ունեցեած ավանդի համար համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: