ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ակնկալում է, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատարանը չի հետևի դատախազի առաջարկին:
Լրագրողի այն դիտարկմանը, որ նման վճռի շուրջ հասարակական-քաղաքական շրջանակներում այն կարծիք կա, որ սա բացարձակապես կապ չունի օրինականության հետ, քանզի ավելի շատ վրեժխնդրության դատավճիռ է, ոստիկանապետը պատասխանեց. «Վրեժխնդրությունը գոյություն ունեցող ամենավատ բանն է, Ես չեմ կարծում, որ դատարանը նման մոտեցում կցուցաբերի, ես պարզապես ակնկալում եմ, որ այդպես չի լինի»:
Ոստիկանապետն այս ամենի հետ կապված իր սեփական կարծիքն ունի. «Ես պատիժներին մոտենում եմ ավելի շատ փիլիսոփայորեն: Եթե մարդ շտկվող է, կշտկվի մեկ օրում, մեկ ամսում կամ գուցե և մեկ տարում, բայց եթե շտկվող չէ, ապա չի շտկվի անգամ 10 կամ 20 տարում»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը և բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Դատական հերթական նիստին մեղադրող Գևորգ Գևորգյանը իր մեղադրական ճառի ժամանակ առաջարկել էր Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ 5: