Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի և խորհրդի անդամների հետ:
Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ և արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության կարևորությունը զինված ուժերի համալրման գործընթացում, մասնավորապես զորակոչերի շրջանում:
Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, աշխատանքային հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ինչպես նաև խորհրդի անդամները հավաստիացրել են, որ առաջիկայում ևս իրենց գործունեությունը միտված է լինելու բանակ-հասարակություն կապի առավել սերտացմանը, տարաբնույթ սոցիալ-մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, բանակում առկա խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև զինծառայողների գիտելիքների ու նրանց քաղաքակրթության մակարդակը առավել բարձրացնելուն: