«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ:

Այսպիսով, եթե հանրահավաքը հանրահավաքի նման եղավ, ապա դա լինելու է ԲՀԿ-ի շնորհիվ, հետևաբար՝ ԲՀԿ-ն էլ ասելու է ասելիքը: Քառյակի ներկայացրած 12 պահանջներից որևէ մեկը հենց քառյակի ներկայացուցիչների գնահատմամբ չի կատարվել: Հետևաբար, եթե քառյակն այդ պահանջների կատարման գնահատականը դարձնում է հանրահավաքի առանցքային հարցերից մեկը, ապա այդ մասին հայտարարելուց հետո պետք է պահանջի կառավարության հրաժարականը:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եռյակը չի կարող պահանջել կառավարության հրաժարականը՝ առանց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի, ինչը պահանջել, առնվազն ԲՀԿ-ն, չի կարող: Հետևաբար՝ չեն կարող նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
Իսկ կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կյանքը և ԲՀԿ-ականների զգուշավորությունը ցույց է տվել, որ՝ ոչ: Ավելին, եթե ԲՀԿ-ն ընտրության առաջ կանգնի՝ ո՞ւմ հրաժարականը պահանջել՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի, մեծ հավանականությամբ՝ կընտրի երկրորդ տարբերակը:

Այսպիսով արդեն եռյակի վերածված կամ վերածվող քառյակը գնում է հանրահավաքի՝ առանց դրանից բխող հիմնական գործողություններին պատրաստ լինելու»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: