«Առավոտը» գրում է.
«Ժամանակ առ ժամանակ լսում եմ, թե «որոշակի ուժեր» Հայաստանում ուզում են «մայդան» հասունացնել: Սովորաբար դա ասում են Ռուսասատանի ներկայացուցիչները կամ նրանց հայաստանյան երկրպագուները, հետևաբար նրանց ակնարկներն ուղղված են Արևմուտքին:
Երբեմն հակառակ կողմից էլ են նման բան ասում, բայց դա խելքին մոտիկ չէ՝ Ռուսաստանը «մայդաններ» չի կազմակերպում, եթե Հայաստանում իր համար անընդունելի իշխանություն լինի, նա «քսի» կտա Ադրբեջանին, և հնարավոր պատերազմի դեպքում կարող է այնպիսի քաոս ստեղծվել, որ շատ հնարավոր է, այստեղ իշխանափոխություն լինի:
«Մայդանական» կամ, ինչպես սիրում են ռուսաստանցի և ռուսամետ քաղաքագետներն ասել՝ «գունավոր հեղափոխություն» կարող է անել միայն Արևմուտքը: Ենթադրենք դա այս կամ այն պատճառով շատ պետք է: Բայց այդպիսի հեղափոխության համար պետք են հեղափոխական զանգվածներ: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ասպարեզ են դուրս գալիս միայն մի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո:
Ինչու է այդպես՝ ակնհայտ է: Մեր ժողովրդին պետք է «բարի թագավոր», որը հարազատ հոր նման իրեն՝ ժողովրդին «լավ կնայի»: 1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներ էին Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»:
Մանրամասները՝ այսօրվա համարում: