Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կընթանան բակային շաբաթօրյակներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ինչպես և կարելի է սպասել՝ քաղաքապետի հանձնարարությունը կա՛մ կտրվի, կա՛մ կկատարվի մասսամբ՝ վարչական շրջանների երևացող հատվածներում: Մնացած բակերն ու տնամերձ տարածքները կրկին կմնան աղբակույտերով հարուստ: Այս կերպ, երևի թե, նոր գործ կբացվի հնեաբանների մոտ՝ նրանք կպեղեն և կգտնեն ամենատարեց աղբի մնացորդները:
Գեղեցիկ ու մաքուր Երևան «ցուցադրելու» նպատակով կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները:
Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ մասին զեկուցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հուսով ենք, որ վերը նշված «հնեաբանների» համար այս անգամ գոնե գտածոների պաշարը քիչ կլինի, և շաբաթօրյակը կիրականացվի բարեխղճորեն՝ Տարոն Մարգարյանի բարձր «հսկողության» ներքո: