Խորհրդարանական եռյակի միասնականությունը ժամանակավոր է և անլուրջ: ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը տարբեր նպատակներ են հետապնդում, ունեն գաղափարական տարբեր նախասիրություններ և սկզբունքներ, սեպտեմբերի 23-ին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. «Մեծ հաշվով նրանք առաջարկում են նույնը, ինչ որ իշխող կոալիցիան: Սկզբունքային ոչ մի նոր բան»:
Պատգամավորը նշեց նաև, որ. «Կա դժգոհ մասսա, կա խոստացված հանրահավաք, և ընդդիմադիր ուժերը փորձում են լուծել խնդիրներ: Գուցե հանրահավաքը բանաձևեր ձևակերպի, սակայն եռյակում գտնվող ուժերը տարբեր նպատակներ ունեն և իշխանափոխության առումով»:
Անդրադառնալով խոստացված թեժ աշնանը, բանախոսն ասաց. «Ես կարծում եմ, որ դրանք ընդամենը լոզունգներ են, քաղաքական տեխնոլոգիաներ են: Եթե ասում են, բայց թեժ չի լինում, ժողովուրդը հիասթափվում է, ուրեմն ավելի լավ է չասեն»: