«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգոստոսին սահմանային «վոյաժներից» և բուռն ֆոտոսեսիաներից հետո սահմանն ու դրա խնդիրները տևական ժամանակ մոռացության մատնած խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները նորից մտահոգություն և սրտացավություն են ցուցաբերում, բայց միայն այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց իր հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքը՝ սահմանամերձ բնակավայրերին սոցիալական արտոնություն և հատուկ կարգավիճակ տալու մասին, դնել շրջանառության մեջ:

Խորհրդարանի տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում նախօրեին ՀՀԿ ու ԲՀԿ պատգամավորների համատեղ ուժերով մերժվել է պատգամավորի նախաձեռնությունը՝ համարելով, որ այն թերի է և լրացումների կարիք ունի, իսկ իրենք ավելի լավ առաջարկներ ունեն: Մինչդեռ խորհրդարանական 6 խմբակցությունները դեռ օգոստոսին հայտարարեցին միասնական օրենսդրական նախաձեռնության մտադրության մասին, ոգևորությունը հատկապես մեծ էր ոչ իշխանականների շրջանում, որոնք Հովիկ Աբրահամյանի հետ միևնույն ուղղաթիռով սահմանային այցն ու անցկացրած գիշերվա մասին շահարկումները փորձում էին այդօրինակ նախագծով արդարացնել:

Անցել է ավելի քան մեկ ամիս, դեռ որևէ նախաձեռնություն չկա, կա ընդամենը ինֆորմացիա, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները առաջարկներն ուղարկել են կառավարություն, որտեղ պետք է քննարկեն և հավանություն տան:

Բայց, հավանաբար, այդ կուսակցություններն այնքան պարապ չեն, որպեսզի հետաքրքրվեն սույն նախագծով, քառյակ կոչվածը հանրահավաքի է պատրաստվում և մարզում մկանները, իսկ իշխանությունն էլ զբաղված է նոր Սահմանադրությունը «բրթելու» գործով: Ի՞նչն էր խանգարում նրանց ընդունել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, քննարկել ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում, հարկ եղած դեպքում լրացնել, փոխել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: