2015թ. ամռանը Հայաստանում` Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա, անցկացվելու է «Միություն 2015-հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ռազմամարզական մրցույթի նախապատրաստման և կազմակերպչական հարցերի պլանավորման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Խորհրդակցության ընթացքում որոշվել են ռազմամարզական մրցույթի անցկացման ընդհանուր խնդիրները, միջոցառման նախապատրաստական աշխատանքների պլանավորման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:
Սեպտեմբերի 24-ին Ծաղկաձորում` ռազմամարզական մրցույթի անցկացման վայրում, անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը:
Տեղազննման իրականացման և խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրել միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվել են նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, թիկունքային, բժշկական, տեղեկատվական, անվտանգության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր:
Հայրենասիրական ուղղվածության սոցիալական միջազգային նախագիծ հանդիսացող հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը: