«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը:

Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:

Մեր տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:

Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է:

Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է:

Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։ ՌԴ-ն Կոսովոյի անկախությունը չի ճանաչել, բայց ժամանակին փորձել է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը։ ՀՀ-ն, սակայն, մերժելու անխոցելի փաստարկ է ունեցել. դա կնշանակի փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որը, ըստ էության, կյանքի ճանապարհ է Հայաստանի համար»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: