«168 ժամ» թերթը գրում է.
«Որքան մոտենում է ոչ իշխանական ուժերի եռյակի հայտարարած հանրահավաքի օրը, այնքան ավելի շատ են եռյակին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հայտարարություններ հնչում այն մասին, որ հանրահավաքի ընթացքում արտաքին քաղաքականությանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրությանն անդրադարձ չի լինելու: Եռյակի որոշ ներկայացուցիչներ, ավելի առաջ ընկնելով՝ հայտարարում են, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամենակարևոր հարցը չէ: Այս հայտարարությունները, բնականաբար, ուղղված են ոչ թե ներքին լսարանին, ոչ թե հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիներին, այլ Կրեմլին:
Դրանք ոչ թե հայտարարություններ են, այլ հավաստիացումներ առ այն, որ ոչ իշխանական ուժերի եռյակը որևէ պարագայում Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի կատարի: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10-ը: Նույն այդ օրը Մինսկում կայանալու է Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է, որ վերջնական տեսք պետք է ստանա այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը: Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ՝ դժվար է ասել, քանի որ Հայաստանի անդամակցության արդեն մի քանի ժամկետներ են հայտարարվել եւ հետաձգվել:
Բայց առավել հետաքրքիր է հանգամանքը, որ Հայաստանի ոչ իշխանությունը, որն իբրև կատաղի պայքար է մղում իշխանության դեմ, հանրահավաք է հայտարարում նույն այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը վերջնականացնող փաստաթղթի վավերացումը, և չի պատրաստվում անգամ անդրադառնալ այդ հարցին: Սա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերը կամ հավատում են նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը «որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անվտանգությանը», կամ նրանց համար Հայաստանի ինքնիշխանությունն ունի նույն արժեքը, ինչ իշխանությունների համար, այսինքն՝ հավասար է զրոյի»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: