«Հրապարակ» թերթը գրում է.
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրեն ավստրալացի Նիլ Սթիվենսոնն իր նշանակման պահից աշխատավարձերի վերանայումներ է սկսել ձեռնարկությունում։ Դրանք հիմնականում վերաբերում են ղեկավար անձնակազմի աշխատավարձերին և առաջին հերթին նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարազատներին, եղբայրներին, որոնք բարձր դիրքեր ունեին և բարձր աշխատավարձեր էին ստանում։ Նա գործարանում աշխատավարձի վերին շեմ է սահմանել տնօրենի պայմանագրային աշխատավարձի չափը, որը կազմում է 7 մլն դրամ։ Բարձր աշխատավարձերը կրճատվել են մի քանի անգամ, որպեսզի տնօրենի սահմանն անհասանելի լինի։ Օրինակ, կան արտադրամասի պետեր, վարչության աշխատողներ, որոնք 3-4 մլն դրամ էին ստանում նախկինում, իսկ այժմ վաստակում են միջինը 700 հազարից մինչև 1 մլն դրամ։
Երկրորդ փոփոխությունը, որը քաջարանցիների ուշադրության կենտրոնում է, վերահաշվարկն է, որն ընթանում է գործարանում։
Մեր աղբյուրները պատմում են, որ նոր տնօրինությունը նախ հիմնովին ստուգումներ է արել, և հայտնաբերված գումարային վատնումների, գույքի ու այլ միջոցների պակասորդի պատճառով արդեն հանքի պետ, տրանսպորտային արտադրամասի և գարաժի պետեր են հեռացվել աշխատանքից: Բոլորն անհամբերությամբ սպասում են նոր տնօրինության հետագա քայլերին»։
Մանրամասները՝ թերթի համարում: