Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից։


Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է.


«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,


Սուրբ Պետրոսի աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջույնները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:


Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:


Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով, կրթական և բարեսիրական բազում ծրագրերով:


Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության…»: