Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Գործադիրը սահմանել է Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, Քննչական կոմիտեի ծառայողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը: Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը և պայմանները:
Նիստում հավանություն է տրվել երեխաների սնուցման բարելավման հայեցակարգին, դրա 2015-2020թթ. գործողությունների ծրագրին, որոնց ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցմանը:
Կառավարության հավանությունն են ստացել «Սարանիստ» ՍՊԸ կողմից իրականացվող գործարար ծրագիրը, որի իրականացմամբ լրացուցիչ կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ, ՀՀ տեղական համակարգի օպտիմալացման հայեցակարգը և գործողությունների համառոտ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Գործադիրը հաստատել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: