«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իրենց խոստման համաձայն, երեկ ՀՀ կառավարության շենքի առջև էին հավաքվել ինչպես երևանյան տոնավաճառների, այնպես էլ Երևանի ոսկու շուկայի առևտրականները. նրանք կրկին դժգոհում էին շրջանառության հարկից: Ակցիան նորից արդյունք չտվեց, որովհետև երկար սպասելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չբարեհաճեց հանդիպել քաղաքացիներին: «Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ կառավարության նիստից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանը ծառայողական մուտքով հեռացել էր՝ բողոքավոր զանգվածին թողնելով այնտեղ:

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Երևանի տոնավաճառների և ոսկու շուկայի մի շարք աշխատակիցների արգելվել է մասնակցել բողոքի ակցիային: Սակայն ինչպես և նախորդ անգամ, կառավարության շենքի առջև կայացած բողոքի ակցիան բազմամարդ էր: Նրանք պահանջում էին կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքը:

Այս պատճառով մենք առավոտյան նախ գնացինք ոսկու շուկա, որտեղ տհաճ միջադեպի ականատեսը եղանք: Վարդագույն կոստյում հագած ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուփշուր էր անում աշխատակիցների վաճառասեղանները: Եվ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ անհարմար դրության մեջ հայտնված վաճառողները կարծես Վաղարշի ստրուկները լինեին. լուռ, վախեցած այս ու այն կողմ էին նայում:

Վաղարշի անօրինական գործողությունները ֆիքսել է armlur.am-ի տեսախցիկը: Սակայն երեկվա դրությամբ ո՛չ ՀՀ ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ ՀՀ քննչական պետական կոմիտեն Վաղարշ Աբրահամյանի լկտի պահվածքին իրավական գնահատական չեն տվել: Մինչդեռ նորմալ իրավական պետություններում այս արարքը չէր ներվի, և եթե Հայաստանը փոքր-ինչ նման լիներ այդ պետություններին, ապա Վաղարշ Աբրահամյանը վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ: Նա խուլիգանություն է արել և բռնի կերպով տիրացել մարդկանց ունեցվածքին, քանի որ այդ կոտրված սեղանների մեջ կային ոսկյա զարդեր: Իսկ վաճառական կինն աղերսում էր չտանել իր վաճառասեղանը՝ նշելով, որ սեղանի դարակների բանալիներն իր որդու մոտ են, իսկ որդին քիչ անց կմոտենա: Այնուհետև կինը սկսեց իրեն վատ զգալ և արտասվեց: Սակայն Վ. Աբրահամյանը շրջում էր շուկայով և գոռում՝ «սեղանները լուսամուտից դուրս շպրտեք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: