«Ժամանակը» գրում է.

«Սեպտեմբերի 24-25-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Առաջին հայացքից հարևան երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը, փոխադարձ այցերը բնականոն հարաբերությունների մասին են փաստում, սակայն այս այցը տեղի ունեցավ բավական անսպասելի:

Այցի հետ կապված մի շարք հարցեր «Ժամանակը» քննարկեց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

«Ներկայումս Վրաստանի իշխանությունները բաժանված են երկու թևերի՝ ռուսամետ և արևմտամետ: Պաշտոնապես նրանք իրենց այդպես չեն դրսևորում, բայց բոլորը գիտեն, թե ով՝ ով է, այդ թվում և Ալասանիան, ով երկար ժամանակ սովորել է ԱՄՆ-ում և այնտեղ լուրջ կապեր ունի: Ուստի կարելի է ասել, որ Ալասանիան օգտագործվում է ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից որպես միջնորդ: Այսինքն՝ հնարավոր է, որ Ալասանիայի միջոցով քննարկվել է Արևմուտք-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերությունների հարցը»,ասել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի որոշակի մեսիջներ կարող էին փոխանցվել Ալասանիայի միջոցով»: