«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով նա առաջարկում է ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը և ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք և չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե՛ Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց Փոստանջյանը: ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը ընդհանուր առմամբ համաձայն է Փոստանջյանի առաջարկած նախագծի հետ, սակայն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշում և ոչ թե օրենք՝ չէ՞ որ «ԱԺ որոշումն օրենքի ուժ չունի»: Պարզվեց՝ այսպես է արել, որ ընդունվի, քանզի վստահ չէ, որ օրենքի նախագիծը կընդունվի: ՀՀԿ-ից Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ ինքը հարգում է Փոստանջյանի տեսակետը, սակայն կարծում է, որ այժմ պատեհ ժամանակը չէ այս նախագիծն ընդունելու և Արցախը ճանաչելու համար: Փոստանջյանը հիշեցրեց «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի ոդիսականը՝ Արցախը ճանաչելու ուղղությամբ, որն սկսվել է դեռ 1992 թվականից: ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը շարունակեց Շիրակին, թե հայրենասիրությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում, և պետք չէ ժողովրդի անունից հայտարարել, թե ժողովուրդն ինչ է ուզում: Այնուհետև անցավ հարցերին.

- Տիկին Փոստանջյան, Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, և վստահ եմ, որ ծանոթ եք մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնք բանակցային գործընթացի անբաժանելի մաս են կազմել: Մենակ մեկ կարճ հարց եմ Ձեզ տալիս. Դուք ծանո՞թ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի մանրամասներին:

- Այո, ծանոթ եմ այնքան, որքան որ հրապարակված փաստաթղթերում է նշված:

- Եվ դրա վրա ելնելով՝ Դուք եկել եք եզրահանգման, որ ՀՀ-ի համար այս պահին ԼՂՀ ճանաչումը ճի՞շտ որոշում է:

- Այո:

- Բան չունեմ ասելու:

Մանրամասները՝ թերթի համարում: