13-ամյա տղան զվարճանում էր՝ կոտրելով էլեկտրագնացքի ապակիները, հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երևան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղևորվում էր Երևանի դեպո:
Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը:
Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կրկին հիշեցնում է, որ նման դեպքերը երկաթուղում ոչ միայն բերում են նյութական կորուստների, այլ նաև վտանգավոր են ուղևորների կյանքի և առողջության համար ու կոչ է անում զերծ մնալ նման քայլերից: