Գյումրիի «Շիրակի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ փորձառու կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, armsport.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր թիմի խաղը՝ Հայաստանի Գավաթի խաղարկության շրջանակում և ազգային առաջնության գարնանային շրջանում:
-Հավաքներից նոր վերադարձած «Շիրակը» դժվարությամբ հաղթեց «Արարատին»՝ գավաթային հանդիպման ժամանակ՝ առաջ անցնելով Դիոպի գոլի շնորհիվ, իսկ առաջնությունում զիջեց «Փյունիկին»: Ինչո՞վ է պայմանավորված խաղային տարվա ոչ այնքան հաջող սկիզբը:
-Կարծում եմ, որ Գավաթի խաղարկությունում, ամենից առաջ, կարևոր է վերջնական արդյունքը: Մենք «Արարատի» դարպասը միայն մեկ անգամ գրավեցինք, բայց դա բավական էր, որովհետև մեր դարպասը կարողացանք պահել անառիկ: Դա գավաթային հանդիպումների յուրահատկությունն է: Կնշեմ նաև, որ «Արարատը» լավ թիմ է, որտեղ շատ փորձառու ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ՝ բոլոր թիմերի համար էլ «Արարատը» հեշտ մրցակից չի լինի, որովհետև նրանք պայքարում են Բարձրագույն խմբում տեղ ունենալու համար:
Ինչ վերաբերում է «Փյունիկի» հետ խաղին, կարող եմ ասել, որ մենք վատ չխաղացինք, նույնիսկ՝ լավ էր: Այդ մրցավեճում իր դերն ունեցավ բախտի գործոնը, որն աշխատեց հօգուտ «Փյունիկի»:
-«Փյունիկի» հետ խաղում միավորներ կորցնելով՝ «Շիրակը» հնարավորություն տվեց «Միկային» մրցաշարային աղյուսակում հավասարվել իրեն: Այժմ ձեր թիմին սպասում է դժվարին արտագնա հանդիպում Կապանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք «Գանձասարի» հետ խաղից:
-Այժմ մեզ համար յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է: Մենք այլևս սայթաքելու իրավունք չունենք: Կապանում միշտ էլ դժվար է եղել խաղալը: Նրանք պայքարում են մրցանակային տեղի համար և, բնականաբար, խաղալու են միայն հաղթելու նպատակով: Բայց, ինչպես արդեն ասացի, մենք նույնպես մտադիր չենք նահանջել և ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար:
-Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Գանձասարը» ամենաակտիվն էր՝ մի շարք որակյալ ձեռքբերումներ կատարելով: Մրցակցի կազմում ամենից շատ ո՞ր խաղացողն է վտանգ ներկայացնում «Շիրակի» համար:
-«Գանձասարի» մարզիչներն, իրոք, լավ ընտրանքային (սելեկցիոն) աշխատանք կատարեցին՝ թիմ հրավիրելով լավ ֆուտբոլիստների: Բայց ես չէի ցանկանա որևէ մեկին առանձնացնել, քանի որ, կարծում եմ, որ «Գանձասարն» ուժեղ է, առաջին հերթին, իր թիմային խաղով: Իմանալով նրանց մարզչին՝ կարող եմ վստահաբար կրկնել, որ մեզ հանդիպում է սպասում կուռ և կազմակերպված թիմի հետ:
-Վերադառնանք Հայաստանի Գավաթի խաղարկության մասին խոսակցությանը: «Շիրակի» հաջորդ մրցակիցը «Միկան» է, ում հետ ձեր թիմը պայքարում է չեմպիոնության համար: Ժոլտ Հորնյակի թիմին Հայաստանում այս պահին համարո՞ւմ եք ուժեղ մրցակից:
-Եթե անկեղծ ասեմ, չեմ կարող Հայաստանի առաջնության 8 թիմերից որևէ մեկին առանձնացնել: Կարծում եմ, որ «Ալաշկերտը» կարող է հասնել կիսաեզրափակիչ և արժանի է այնտեղ խաղալուն: Բոլոր 4 թիմերն արժանի են կիսաեզրափակչում խաղալուն, իսկ կոնկրետ մեր և «Միկայի» մրցավեճում կհաղթի նա, ով այդ պահին հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի:
-«Շիրակը» երկար ժամանակ Հայաստանի առաջնության միակ թիմն էր, որի կազմում չկար լեգիոներ: Բայց վերջին տարիներին իրավիճակը փոխվել է և հիմա թիմում 5 օտարերկրացի է խաղում:
-Գյումրիում երբեք ֆուտբոլիստների պակաս չի եղել: Մենք միշտ խաղացել ենք մեր կադրերով, և ես համոզված եմ, որ 2-3 տարուց թիմը շատ լեգիոներների կարիք չի ունենա և նրանց թիվը թիմում չի գերազանցի 1-2-ից: Մեր սեփական դպրոցն անպայման կտա իր կադրերը, ովքեր կշարունակեն Գյումրիի ֆուտբոլի լավ ավանդույթները: