Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով քաղհայցվոր, գյուղատնտեսական ծրագրերի պետական հիմնարկի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած դատի ժամանակ չի կարողացել ներկայացնել փաստաթղթեր, թե ինչ հիմքերով են հաշվել Վարդան Պետրոսյանի հասցրած 2 մլն 600 հազար դրամի վնասը՝ վթարված մեքենայի համար:
Աբովյանի առաջին ատյանի դատավոր Վաղինակ Մկրտչանի համար հանելուկ էր, թե ինչպես են հաշվել վնասը, ուստի պահանջեց փաստաթղթերը: Իսկ Վարդան Պետրոսյանի փաստաբանը ասաց, որ եթե հաշվել են մեքենայի շուկայական արժեքը, ապա հետվթարային վիճակում ավտոմեքենայի մնացորդային արժեքը կազմել է 737 հազար դրամ:
Նիկոլայ Բաղդասարյանը՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանը, դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Վարդան Պետրոսյանի՝ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ տված ցուցմունքները՝ նշելով, որ դրանք ձեռք են բերվել օրենքի խախտումով:
Վարդան Պետրոսյանը ևս միացավ իր փաստաբանի միջնորդությանը, մեջբերելով, որ քննիչը մի քանի անգամ ցանկացել է քննել իրեն առանց փաստաբանի ներկայության: Տուժող կողմի փաստաբանն ու դատախազը առակեցին միջնորդությունը և դատարանը որոշեց մերժել անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը