ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի կառավարիչ գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մենք աշխատում ենք կառավարության հետ միասին, չէ՞ որ մենք կառավարության կազմում ենք, որպեսզի փնտրենք ու կգտնենք նոր նորմալ կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրը օգտագործվի ըստ իր նշանակության»,- նշեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ, եթե հետագայում համալիրը մնա ՊՆ-ի կազմում, դրա անունը չի փոխվելու, զինվորական կառույց չի դառնալու, այլ նպատակային է օգտագործվելու: «Մենք մի քանի այդպիսի կառույց ունենք, որոնք ոչ թե զորամաս են, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 21-ին ՀՀ Կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: