ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանի բողոքը վերաքննիչ դատարանը կքննարկի մարտի 18-ին։ Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին տեղեկացրեց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Վ.Սեդրակյանի նկատմամբ կալանաքը որպես խափանման միջոց ընտրվել է մարտի 5-ին՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։
Փաստաբանը համոզված է, որ ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը չէր կարող կալանավորվել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, քանի որ կալանավորվելու ժամանակ, ըստ Ա.Սիրունյանի, նա դեռ չէր կորցրել նախագահի թեկնածուի կարգավիճակը։ Այս հարցում իրավաբանների տեսակետները տարբեր են։ Կա տեսակետ, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի (Հանրապետության նախագահի թեկնածուների իրավունքները և պարտականությունները) մեջ կա հակասություն: Մասնավորապես, որ նախագահի թեկնածուի իրավունքները և պարտականությունները դեռ չեն նշանակում նախագահի թեկնածուի կարգավիճակ, ինչը Վ.Սեդրակյանի փաստաբանը գնահատեց աբսուրդ: