Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի 2796-ամյակի կապակցությամբ բացվել է «Պանարմենիան էքսպո 2014» տարվա գլխավոր ցուցահանդեսը: ՀՀ արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժն ու խթանել այլ երկրների միջև ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ստեղծել գործարար հարթակ Սփյուռքի հետ՝ տնտեսական, մշակութային և գիտատեխնիկական ուղղություններով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ «Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսին մասնակցում են 120 կազմակերպություններ՝ Հայաստանից, ՌԴ-ից, Չինաստանից, Իրանից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից: Առանձին՝ տոնական տաղավարով ցուցահանդեսին ներկայացված է նաև Երևանի քաղաքապետարանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և շնորհավորելով էքսպոյի բացման և միաժամանակ մայրաքաղաքի 2796-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը և նշել նաև, որ այս անգամ տաղավարում ներկայացված են ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնք կարող են հետաքրքրել էքսպոյի մասնակից հնարավոր ներդրողներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերն ու մասնակիցները շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին: Առանձնակի ջերմությամբ հյուրերը ծանոթացել են Երևանի քաղաքապետարանի տաղավարին: Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների համար և կգործի մինչև հոկտեմբերի 12-ը:
Ցուցահանդեսին իր ուրույն մասնակցությունն է ցուցաբերում նաև Հայաստանում առաջատարներից մեկը համարվող «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը: «Մոշն Թայմ» ընկերությունը «Պրոմ Էքսպո» ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին մասնակցում է արդեն 8-րդ անգամ: Այս տարի «ՊանԱրմենիան Էքսպո»-ին մասնակցում է ընդհանուր առմամբ 2-րդ անգամ:
Ցուցահանդեսի շրջանակներում «Մոշն Թայմ» ընկերությունն անակնկալներ է մատուցում մասնակից ընկերություներին, որի արդյունքում հաղթող կազմակերպությունը ստանում է անվճար գովազդի հնարավորություն հասարակական տրանսպորտի վրա: Նշեմ նաև, որ ամբողջ ծախսերը հոգում է մեր ընկերությունը: