Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացավ ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովի շրջանակներում իրականացվող մարտավարա-մասնագիտական ռազմաբժշկական ցուցադրական զորավարժությունը՝ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության և ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության մասնակցությամբ: Զորավարժությանը հետևում էին ՀՀ պաշտպանսւթյան նախարար Սեյրան Օհանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԻՆ և ՊՆ սպայական կազմի ներկայացուցիչներ, արտերկրյա հյուրեր:

«Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» վերնագրով զորավարժանքի հիմնական թեման դիվերսիոն գործողությունների ժամանակ թշնամու չեզոքացումն ու դիվերսիոն գործողություններից տուժած քաղաքացիական անձանց և զինվորականներին տեղում բժշկական օգնության մատուցումն է: ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումներից զորավարժությանը մասնակցեցին 23 հրշեջ-փրկարարներ, 1 ավտոսանդուղք, 1 հրշեջ ավտոբաք, 1 փրկարարական և 2 պարամեդիկական ավտոմեքենաներ: Հրշեջ ավտոսանդուղքը հնարավորություն է ընձեռում մինչև 30 մետր բարձրության վրա իրականացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ: Մեքենան հագեցած է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, մասնավորապես՝ շնչառական ապարատներով և 3,5 տոննա ջրի տարողությամբ հրշեջ ավտոբաքով: Խաղարկվեց դիվերսիոն գործողություն, որի ընթացքում պայթյունների արդյունքում հրդեհ բռնկվեց եռահարկ բնակելի շենքում: Ռազմական ուժերը չեզոքացրեցին թշնամուն, իսկ ԱԻ հրշեջ-փրկարարները դուրս բերեցին բնակիչներին այրվող շենքից: ԱԻ նախարարության բժշկական-պարամեդիկական անձնակազմն առաջին բժշկական օգնությունը ցուցաբերեց տուժածներին՝ տեղափոխելով վերջիններիս հիվանդանոց:

Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած վրաններ, որոնք նախատեսված են դաշտային աշխատանքների համար: Վրաններում առկա են հիվանդների համար պատշաճ ջերմաստիճաններ ապահովող սարքեր, ռենտգենային և ուլտրաձայնային հետազոտություններ իրականացնող սարքեր, ինչպես նաև՝ վերակենդանացման բաժին:

Զորավարժանքների ավարտին մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով շնորհակալագրեր և պարգևներ ստացան: