Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Արդեն մեկ դարից ավելի է, ինչ մեր հայրենակիցները հաստատվել են այս հեռավոր, բայց հյուրընկալ և հնարավորություններով անսպառ ափերում: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ դուք դարձել եք այս երկրի անբաժանելի մասը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում: Մենք հպարտանում ենք այն տպավորիչ նվաճումներով, որոնց շնորհիվ ամերիկահայությունն իր արժանի տեղն է զբաղեցրել այս երկրի կյանքում՝ արժանանալով իշխանությունների և ժողովրդի հարգանքին և գնահատանքին»: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ անկախության վերահաստատումից հետո Հայաստանի և ԱՄՆ միջև փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվել են միջպետական ամուր կապեր, զարգացում է ապրել քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցության օրակարգը, ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում, ձևավորվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կայուն մեխանիզմներ: «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, և դրանում դեր ունեք նաև դուք` ամերիկահայերդ: Այսօր այդ հարաբերությունների մեջ առաջնային եմ համարում հատկապես տնտեսական կապերի խորացումը, ինչը հետևողական աշխատանք է պահանջում: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Դժվար է գերագնահատել այն հայրենանվեր գործունեությունը, որն այս երկրում կատարում են հայկական կազմակերպություններն ու միությունները, ինչպես նաև առանձին անհատները՝ ամերիկյան պետական տարբեր կառույցներում մշտապես ներկայացնելով և առաջ մղելով հայանպաստ ծրագրեր, պաշտպանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կենսական շահերը»,- ասել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը Հայաստանի կառավարության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: «Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է Սփյուռքից, և սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում ծանրագույն վիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունը ոչ միայն հայության, այլև համամարդկային խնդիր է, և Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպես ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոց: Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարությունը վերականգնելու համար:
Մեր նախնիների հիշատակը, կարծում եմ, պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորությունները Հայրենիքին ի սպաս դնելով: Հզոր Հայաստանով մենք ավելի կմոտեցնենք արդարության հաղթանակի պահը»:
Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված. Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: «Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաև պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին և Հայաստանի սահմանները:
Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»,-ասել է վարչապետը:
Ամփոփելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը շեշտել է. «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով, ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով»:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին: